Եթե Մհեր Ենոքյանն անմեղ է՝ վարչապետը և նախագահն ի՞նչը պետք է ներեն, անմեղությո՞ւնը. Ելենա Աղաջանովա
23 տարի առաջ դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, անդրադարձել է սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի այսօրվա ասուլիսին:
Վերջինս հայտարարել է, թե Մհեր Ենոքյանն ամեղ է․
«Հարգելի ընկերներ, հայրենակիցներ,
Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։ Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները հայտնում եմ՝
1. մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն, քանի որ նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ, ինչպես նաեւ չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությանը խոսում է մարդասպանի անմեղ լինելու մասին՝ վիրավորելով զոհի՝ եղբորս հիշատակը։
2. առնվազն զարմանք է առաջացնում Զարուհի Մեջլումյանի պնդումները Մհեր Ենոքյանի անմեղության մասին առանց որևէ հիմնավոր փաստ բերելու կամ ապացույց ներկայացնելու։ Եվ անհասկանալի է, եթե նա անմեղ է, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախագահը ինչը պետք է ներեն՝ իր անմեղությունը՞։ Միայն որովհետեւ իրենք ամուսիններով այդպես են կարծում»,-գրել է Ելենա Աղաջանովան։