Օպերային հարակից սրճարանների որոշ հատվածներ կփակվեն ու կկանաչապատվեն. քաղաքապետարան (ֆոտո)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օպերայի հարակից տարածքում կանաչ գոտու վերկանգնման հարցին՝ մասնավորապես գրելով.
«Քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը:
Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):
Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում ևս, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը:
Քաղաքապետարանը պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, և նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում:
Նշածս տարածքներն ազատելուց և դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը արդեն այս գարնան սկզբից: