«Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»․ Արա Բաբլոյանը հուզված էր, բայց տխուր չէր
«Կարծում եմ, որ ես այս դաշտում արեցի այն, ինչ կարող էի անել և կարծում եմ, որ հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը որ շատ–շատ լավ եմ անում»։ ԱԺ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ այդ մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան թե խոսելը»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե նա փոքր-ինչ հուզված է կարծես, Բաբլոյանն արձագանքեց․ «Ես տխուր չեմ, հուզմունքը բնական է, որովհետև գործունեությունը միշտ շարունակական պետք է լինի։ Միշտ հանդես եմ եկել որպես երկրի քաղաքացի, մի մարդ, որը իր 70 տարիների 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը և ծրագրերի զարգացմանը, դրա համար անտարբեր չեմ զարգացումներին ու հետևելու եմ դրանց։ Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց ամեն դեպքում ես չեմ լինի պետական պաշտոնյա»,-ասաց Բաբլոյանը:
Նրա խորհուրդը ձևավորվող խորհրդարանին մեկն էր՝ շարունակել և նոր հնարավորություն գտնել զարգացնելու խորհրդարանի գործունեությունը։
«Կարծում եմ, որ մենք որոշակի ձեռագիր թողեցինք։ Ամեն դեպքում 6–րդ գումարման Ազգային ժողովը ցույց տվեց ժողովրդավարության այն մոտեցումները, որոնք ձեզ հետ միասին ամրագրել էինք։ Խորհրդարանն այն հայելին է, և′ քաղաքական և′ հասարակական, և′ պետական բոլոր այն փոփոխությունների, որոնք ակնկալում ենք մեր երկրում»,- ասաց Բաբլոյանը։