«Ոչ» արդարադատությանը, որը բաց է թողել Մանվել Գրիգորյանին․ Էջմիածնում վերսկսվել է բողոքի ակցիան (տեսանյութ)
«Ազգի դավաճան» պաստառներով ու բարձրախոսներով մի խումբ քաղաքացիներ էջմիածնում վերսկսել են բողոքի ակցիաները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ:
Նրանք կոչ են անում բոլորին, այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 16։00-ին, լինել Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ տեղի է ունենալու Մանվել Գրիգորյանի գործի քննությունը:
«Մենք «ոչ» ենք ասում այսօրվա արդարադատությանը, որը բաց է թողել Մանվել Գրիգորյանին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ Մանվել Գրիգորյանը չմնա ազատության մեջ և անհապաղ կալանավորվի։
Չնայած այն բանին, որ դեռ առաջին օրերին ակցիաների ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է իր ամառանոցում՝ վերահսկողության ներքո և վտանգ չի ներկայացնում, սակայն այսօր էլ դեռ ակցիայի մասնակիցները խոստովանում են, որ Գրիգորյանի ազատ արձակվելուց հետո Էջմիածնում դարձյալ վախի մթնոլորտ է տիրում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
Նրա ազատ արձակվելու հենց առաջին օրը՝ ուշ գիշերին, էջմիածինցիները փակել էին քաղաքի մուտքը՝ ի նշան բողոքի։
Մանրամասները՝ տեսանյութում