ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը․ Փաշինյանը՝ նախարարությունների կրճատման մասին
«Իմ քայլը» Հայաստանի քաղաքացիներից մանդատ է ստացել և համոզված քայլում է իր ընտրած ճանապարհով։ Կառավարության 2019 թվականի առաջին նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը՝ նա ընդգծեց, որ դա նախընտրական քարոզարշավի խոստում էր։
«Ասել էինք, որ կառավարության կազմը պետք է փոխվի, և նախարարությունների թիվը կրճատվի: Այս պրոցեսի իմաստը և նպատակն ամենևին էլ փող խնայելը չէ, այլ կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելը»,-ասաց Փաշինյանը։
Նա համոզված է, որ դա ճիշտ ճանապարհ է, և ՀՀ քաղաքացիներն էլ դրա համար իրենց մանդատ են տվել։
Փաշինյանը նկատեց նաև, որ Սփյուռքի նախարարությունը փակելով՝ ամենևին էլ չեն ուզում «խաչ քաշել» նախարարության վրա։ Կառավարությունը սփյուռքի հետ կապն այլ կերպ արդյունավետ կդարձնի նոր «մոդելի» միջոցով։ Կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ Փաշինյանը չի մանրամասնում, քանի որ դեռևս պետք է քննարկեն ու կոնսենսուսի գան։
Այլ կերպ ասած՝ նախարարության այլընտրանքային մոդելը դեռևս մշակված չէ, սակայն նախարարությունը լուծարված է։