Ջարդված ժամացույցը, սլաքներին նստող ագռավներն ու նրանց քշող ոստիկանները․պատմություն Երևանի հին ժամացույցի մասին
Աշխարհում ընդունված է, որ խոշոր քաղաքները կամ մայրաքաղաքները պետք է ունենան մեծ ժամացույց։ Այստեղ միանգամից կարելի է հիշել Լոնդոնի հանրահայտ ժամացույցը՝ «Բիգ Բեն»-ը։ Այս ժամացույցը, որն իր աշտարակի մեծությամբ ու շքեղ տեսքով Լոնդոնի զարդն է ու խորհրդանիշը, հետաքրքիր պատմություն ունի։ Օրինակ՝ 1504 թվականին այն օգտագործվել է որպես կալանավայր։ «Բիգ Բեն»-ին հանգիստ թողնենք ու գանք Երևան։
Երևանն էլ ունի իր մեծ ժամացույցը, որը, սովորաբար, երևացիների կամ Երևանի հյուրերի համար ծառայում է որպես ժամադրության վայր։ Հրապարակի ժամացույցը պատրաստ է եղել 1941 թվականին և տեղադրվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելը։ Սակայն մինչ այս ժամացույցի «ծնվելը», Երևանն ունեցել է մեկ այլ ժամացույց, որն ունի բավականին հետաքրքիր պատմություն։
1891 թվականին Երևանի քաղաքային դուման որոշում է, որ Երևան քաղաքը պետք է ունենա մեծ, աշտարակային ժամացույց։ Որոշումն ընդունելուց հետո Դուման այդ հարցով դիմում է Պետերբուրգի հայտնի ժամագործ Ֆ. Վինտերին: Վինտերն էլ իր հերթին՝ պատասխան նամակ է գրում, ներկայացնում տարբեր ժամացույցների տեսակներ, սակայն նշում է, որ այդ երկար ճանապարհը, որ պիտի կտրի-անցնի ժամացույցը, կթողնի իր հետևանքը։ Նա ընդգծում է, որ ժամացույցը կվնասվի։ Այդ ընթացքում Երևանի քաղաքային դուման դիմում է նաև ժամագործ Հ. Գենեին, որը համաձայնում է 875 ռուբլի արժողությամբ ժամացույց բերել Երևան և տեղադրել:
Քաղաքային դուման կազմակերպում է դրաահավաք, և ժամացույցի գումարը սկսում են հավաքել հենց Երևանի բնակիչները։ Կարճ ժամանակ հետո ժամացույցը տեղադրվում է քաղաքային ոստիկանության շենքի վրա, որը ներկայիս Ազգային պատկերասրահի շենքի տեղում է եղել։ Սակայն ժամացույցի ապակին կոտրվում է։
Փաստացի, Պետերբուրգի հայտնի ժամագործ Ֆ․ Վինտերի խոսքերը դառնում են մարգարեական։ Կա երկու վարկած այն մասին, թե ինչու է ժամացույցի ապակին կոտրվել։ Առաջին վարկածի համաձայն՝ ժամացույցի ապակին կոտրվում է տեղադրման ժամանակ, իսկ երկրորդ վարկածի համաձայն՝ տեղափոխման ժամանակ։ Արդյունքում տեղադրվում է ժամացույցը, որի սլաքները մնում են բաց։ Թվում է, թե ոչինչ չկա ու ահռելի ժամացույցի սլաքները, որոնց երկարությունը կազմել է 40-45 սանտիմետր, իսկ տրամագիծը՝ 122 սանտիմետր, պետք է որ անխափան աշխատեին, բայց․․․․
Բայց արի ու տես, որ այդ աշխատանքին խանգարում են ոչ ավել, ոչ պակաս՝ քաղաքի ագռավները։ Նրանք նստում են սլաքների վրա, խափանում ժամացույցի աշխատանքը, խախտում սլաքների ճշգրտությունն ու այդ ժամանակվա փոքր Երևանի կյանքը դառնում է ժամանակից կտրված։
Այդ պատճառով քաղաքի իշխանությունները ստիպված են լինում պահակ կարգել, որը, օդում կրակելով, ցրում էր սլաքներին նստել պատրաստվող թռչուններին: Արդյունքում՝ Երևանի այս սիմվոլիկ ու հետաքրքիր պատմություն ունեցող ժամացույցը այդքան էլ երկար կյանք չունեցավ, քանի որ տարիներ հետո քանդվեց ոստիկանության շենքը, տեղում կառուցվեց պատկերասրահի շենքը, ժամացույցը տեղափոխվեց քաղաքի թանգարան, իսկ այս պատմությունը մոռացվեց շատ արագ, քանի որ 1941 թվականին նրան փոխարինելու եկավ այլ ժամացույց։
NEWSPRESS.am