Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը հետաձգվեց
Դատարանը հետաձգեց մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը: Լրագրողներին այդ մասին հայտնեց երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
Նրա խոսքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր չքննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը: Դատարանն այսօր միայն որոշում հրապարակեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության ՝ նիստը նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ` մերժելով միջնորդությունը:
«Ասացին, որ աշխատանքային ժամն ավարտվել է նիստը հետաձգվեց մինչեւ վաղը»,- այդ մասին էլ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ վաղը մանրամասն կմեկնաբանեն:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը։