ԱՄՆ-ի ներգաղթյալների ճամբարում 8-ամյա երեխա է մահացել
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում գտնվող անօրինական ներգաղթյալների ճամբարում մահացել է 8- ամյա տղա, ով իր հոր հետ փորձել էր հատել Ամերիկայի սահմանը: Այդ մասին տեղեկանում ենք BBC-ից:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ երեխայի ինքնազգացողությունը վատացել է: Տղային՝ հոր ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան զննելուց հետո դուրս են գրել՝ նրա ինքնազգացողության վատացումը վերագրելով մրսածությանը:
Մի քանի ժամ անց տղայի վիճակն ավելի է վատացել, և նրան կրկին տեղափոխել են հիվանդանոց: Հիվանդանոցում էլ երեխան մահացել է: Մի քանի ամիս առաջ կրկին նույն ճամբարում 7-ամյա աղջիկ էր մահացել: Աղջիկը, ինչպես այս դեպքում ևս, հոր հետ անօրինական հատել էր մեքսիկա-ամերիկյան սահմանը և բռնվել սահմանապահների կողմից: