«Իմ քայլը»-ը կողմ քվեարկեց Երևանում մի շարք տուրքերի բարձրացմանը․ «Լույս»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը՝ դեմ
Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը։ Այն նախատեսում է մի շարք տուրքերի բարձրացում, ինչը արդեն քանի օր է՝ բիզնեսի շրջանում դժգոհություններ է առաջացրել:
Այսպես՝ տեղական տուրքը մինչև 20 քառակուսի մետրի դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով, իսկ 20 և ավել քմ-ի դեպքում՝ 1000 դրամով: 2018 թ․ դրույքաչափերն են համապատասխանաբար՝ 15000 և 25000 դրամ։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ավելանալու է 250000 ՀՀ դրամով 350000 դրամից դառնալով 600000 հազար դրամ։
Անկախ նրանից, թե տնտեսվարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարելու միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրքը: Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքերը ևս կբարձրացվեն։
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով` այս փոփոխությունները խոշոր բիզնեսի մոտ գրեթե չեն նկատվելու։
Նկատենք, որ նախագծին կողմ էր միայն «Իմ քայլը» դաշինքը, ու թեև «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ավագանու անդամները դեմ քվեարկեցին, սակայն նախագիծն ընդունվեց 51 կողմ ձայնով: