Սփյուռքի հետ Հայաստանի կապը կթուլանա․ Սփյուռքահայերը բողոքի ակցիա են կազմակերպել
Սփյուռքի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել սիրիահայերը և այլ հայրենադարձներ։ Նրանք դեմ են, որ Սփյուռքի նախարարությունը լուծարվի։
Սիրիահայերի պնդմամբ՝ նախարարության փակմամբ խնդիրներ կառաջանան։ Ակցիայի մասնակիցները մտադիր են իրենց մտահոգությունները նամակի տեսքով ներկայացնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքի վարչության պետ Լևոն Անտոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ սփյուռքահայեր միացել են նախարարությունը պահելու կոչին:
«Այս օրերին բազմաթիվ զանգեր ենք ստանում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներից: Ներկայացուցիչները նշում են, որ նախարարությունը պետք է շարունակի իր գործունեությունը»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցներից Հրազդան Թոքմաջյանն էլ նկատեց, որ արդար չէ մեկ որոշումով նախարարությունը ոչնչացնելը։
«Ոչնչացնելը միշտ հեշտ է, ոչնչացնում ենք, հետո պարզում է, որ ճիշտ չենք արել։ Նախարարությունը չի կարելի լուծարել այն պարզ պատճառով, որ հայ ժողովրդի մեծամասնությունն արտասահմանում է ապրում և սփյուռքի շատ հաստատություններ կապը հայրենիքի հետ պահում են նախարարության միջոցով»,–ասաց նա՝ հավելելով, որ այս մեկ տարվա մեջ 13 000 հայ հեռացել է Հայաստանից։
Հավաքված սփյուռքահայերը վստահեցնում են, որ մեկ անգամ չէ, որ նախարարության միջոցով կարողացել են լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են զբաղվածության, բնակարանների ձեռքբերման և առհասարակ՝ կրթական, առողջապահական և այլ հարցեր։
Ակցիայի մասնակիցները վստահ են՝ նախարարության լուծարմամբ կապը կթուլանա սփյուռքի հետ։ Նրանք օրինակ են բերում մի շարք ծրագեր, ինչպիսին է օրինակ «Արի տուն» ծրագիրը։
«Սփյուռքի երեխաները կդադարեն գալ Հայաստան և աստիճանաբար կապը կթուլանա և հնարավոր է նաև կտրվի»,- ասացին հավաքվածները։