Գլխավոր դատախազը խոստացավ բողոք ներկայացնել Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու դեմ բողոքող քաղաքացիների հետ։
Նա տեղեկացրեց, որ դատախազությունը ևս սխալ է գտնում Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու փաստը։ Նա նկատեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան։
«Ես վերահաստատում եմ, ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ, մեր հիմնավորումներով ներկայումս պատրաստում ենք բողոքը։ Ամեն ինչ անելու ենք, որ մեր բողոքն այսօր մուտք լինի վերաքննիչ դատարան։ Մինչև աշխատանքային օրվա ավարտը մենք ուղարկելու ենք բողոքը»,-ասաց նա։