Չի կարելի չաշխատելու պատճառաբանությունն անընդհատ բարդել նախկին իշխանությունների վրա․ Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անկկեղծ ուզում է հավատալ, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետի հայտարարությունները գալիս են նրանից, որ իրեն լավ չեն բացատրել։
Պիպոյանը լրագրողների հետ զրույցում արդեն որերորդ անգամ նկատում է, որ մեծ ծավալի աշխատանք է կատարված, և մեկ տարվա ընթացքում կարելի է ներդնել ցանցը։
Ըստ Պիպոյանի՝ բոլոր հիմնավորումները կան դրա համար, և ամենաբարդը ցանցի ուսումնասիրությունն էր, որն արված է:
«Խորհուրդ եմ տալիս նորից նայել քաղաքապետարանի կայքում հրապարակված հայտարարությունները, դրանք տեսանյութերով էլ կան, թող նայեն և տեսնեն, որ ուղևորահոսքի հաշվարկն ակտուալ է, միջազգային խորհրդատուն հաշվետվությունն արդեն տվել է, որ կետային հաշվարկ արել է, և ցանցը կիրառելի է, չնայած որ Հայկ Մարությանն ասում է, թե կետային հաշվարկի պատասխան սպասում են փետրվարին»,-նկատեց Պիպոյանը:
Նա նշեց, որ միջազգային խորհրդատուին 850 հազար եվրո պետք է տրամադրվեր, որից 600 հազարը տրամադրվել է, իսկ 250 000-ն արդեն նոր նոր իշխանությունը պետք է տրամադրեր։
«Այդ փողը չի կարող կորել․․․ Եթե կիրառելի չի, փողերը հետ ուզեք: Այս մարդը, ում մեշոկով փող են տվել, ասել է, որ սա կիրառելի է, ընդամենը պետք է կարդալ, չալարել ու կարդալ: Կետային ուսումնասիրություն արել է, և միջազգային խորհրդատուն ասել է, որ այս ցանցը կիրառելի է, ավելին, շեղում էլ լինի, ցանցը 60-65 տոկոս ծանրաբեռնվածություն ունի»,-ասաց Պիպոյանը:
Նա նկատում է, որ չի կարելի չաշխատելու պատճառաբանությունն անընդհատ բարդել նախկին իշխանությունների վրա:
«Նախկինի մասին ինչ վատ բան ասելու էր՝ ասել ենք, չի կարելի անընդհատ նստել ու նրանց անդրադառնալ»: