Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները բացեցին ճանապարհը․ նրանցից 10-ը կհանդիպեն Օսիպյանի հետ
Երևան-Էջմիածին ճանապարհը փակած ցուցարարները, ովքեր բողոքում են գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ, բացեցին ճանապարհը։
Մինչ այդ նրանք հայտարարել էին, որ մինչև 16։30-17։00-ն ընկած ժամանակահատվածը, եթե որոշակի հայտարարի չգան իրենց հետ և տեղաշարժ չնկատեն իրենց ներկայացրած պահանջի հետ կապված, ապա շարունակելու են ակցիան։
Նրանց հետ փորձեց բանակցել քաղաքապետ Դիանա Գասպարյանը, այնուհետև նորընտիր պատգամավորներից մեկը և նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, սակայն ճանապարհը փակած էջմիածինցիները մնացին անդրդվելի, քանի որ վստահ էին՝ եթե զիջեն, ապա վաղը դարձյալ տուժելու են Գրիգորյանների ու նրանց մերձավորների կամայականություններից։
Նրանք սպասում էին, որպեսզի դատախազ Արթուր Դավթյանը կամ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով հիմնավոր հայտարարություն անեն, սակայն նման լայվեր չեղան։
Ավելի ուշ, Աղասի Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատրաստ է ընդունել տասը ցուցարարի և քննարկել խնդիրն ու նրանց հետագա անելիքների հետ կապված հարցեր։
Ցուցարար Ջիվան Աբրահամյանը դրանից հետո նշեց, որ որպեսզի խաթարված երթևեկությունը վերականգնվի՝ ճանապարհը բացում են և սպասում ոստիկանապետի հետ հանդիպման արդյունքներին։
«Ճանապարհը բացենք, գնանք ոստիկանապետի հետ հանդիպման, այնուհետև պայմանավորվենք որևէ տեղ, որտեղ կհանդիպենք կամ լայվով կհայտնենք Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման արդյունքների մասին»։
Ոստիկանության ծառայողներն սկսեցին կարգավորել երթևեկությունն ու ազատել ճանապարհի երթևեկելի մասը։