Ո՞ւր մնացին Մխիթար Հայրապետյանի ներդրումները
Մայիսյան հեղափոխությունից հետո, առաջին անգամ Հայաստանում հեղափոխական իշխանությունների որոշումների դեմ բողոքի մասշտաբային ակցիա իրականացվեց: Մինչ այսօր չէին հնչել բողոքներ, որոնք դեմ էին Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումներին:
Այսօր գործադուլ էին հայտարերել Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները, նրանք պահանջում էին վերանայել փոփոխությունների մասին կառավարության որոշումը:
Այսպես, կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը, կլուծարվի սփյուռքի նախարարությունը։
Ստացվում է, այս իշխանությունները փոխարենը զարգացնեն և ուժեղացնեն ազգային անվտանգության խնդիր լուծող նախարարությունները, ավելի ամրապնդեն սփյուռքի հետ մեր կապերը, մշակույթը համատարած ճահճից դուրս բերեն՝ փորձում են դյուրին մեխանիզմով ձերբազատվել խնդիրներից:
Պատճառը հիմնականում նաև այն է, որ նոր իշխանությունները չունեն կառավարման բավարար գիտելիքներ, կադրային բանկ, կամք և ցանկություն հեղափոխություն կատարել ոչ միայն «վարչապետափոխության» տեսքով, այլ հեղափոխություն՝ ուղղված կյանքի որակի բարելավմանը:
Իշխանությունը բռնազավթած ուժն այդպես էլ չկարողացավ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին փոխարինողներ գտնել, ովքեր այս ամիսների ընթացքում միայն շենքով մեկ վերուվար արեցին, Արայիկ Հարությունյանի հետ սրճեցին նախարարական սենյակներում ու բազմեցին թիկնաթոռներին:
Դարեր ի վեր մեր ազգը դիմակայել է տարատեսակ քոչվոր ցեղերի արշավանքների ու պատերազմների՝ մշակույթի հանդեպ մեր ընդծված վերաբերմունքի շնորհիվ, մեր մշակույթի ուժն է, որ թույլ չի տվել ձուլվել թուրքա-ադրբեջանական ազգերին և այդ մշակույթն է, որ ծնում է հայրենասիրություն և վառ պահում այն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Այս պարագայում խամրեցնել և երկրորդական դարձնել Մշակույթի ու Սփյուռքի ֆակտորը՝ բյուջեից աշխատավարձեր չտալու համար, դա իրեն թույլ կտա կառավարումից և կոնկրետ այս ոլորտից միայն պատկերացում չունեցող մարդը:
Չենք մոռացել նաև այն, որ նույն ինքը՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, պնդում էր՝ ներդրումներ կլինեն արտահերթ ընտրություններից հետո, չնայած այսօր նոր իրավիճակ է՝ ներդրումների փոխարեն լուծարվում է ողջ նախարարությունը:
Ո՞ւր մնացին Մխիթար Հայրապետյանի ներդրումները: