Աննան ու Նիկոլն իրենց օգնականին «սղղցնում են» խորհրդարան. ո՞վ է Սիմիդյան Հակոբը
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլի» թեկնածուները երբեմն այնպիսի աստղաբաշխական թվով քվեներ են ստացել, որ մարդ պարզապես զարմանք կապրի` այդ ինչպե՞ս, ո՞վ տվեց նրանց այդքան ձայն և վերջապես` ինչո՞ւ:
Նման ռեյտինգային տղերքից մեկը թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) առաջադրված Հակով Սիմիդյանն է: Այս տղան մշտապես եղել է ընդդիմադիր բևեռում, ՀԱԿ-ի ամենամոլի համակիրներից մեկը, նաև «Հակահարված»-ի երիտասարդներից էր, ովքեր քաղաքի փողոցներում գրաֆիտիի և պաստառների տեսքով, իրենց պնդմամբ՝ «հակահարված» էին հասցնում անարդարություններին:
Հակոբ Սիմիդյանը նաև «Հայկական ժամանակ»-ի աշխատակից էր, ապա ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը:
Այսօր Սիմիդյան Հակոբը 3205 քվե ստացած տղա է, ով կանցնի խորհրդարան:
Ի դեպ, մեր պատգամավորի կենսագրությունը տարբեր պաշտոնական էջերում ակտիվ ներգործությամբ խմբագրվել է, փորձ է արվել նրա վրայից մաքրել Աննա Հակոբյանի կադր ու Նիկոլ Փաշինյանի օգնական լինելը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում նրա կենսագրությունը ներկայացնելիս մի փոքր ազնիվ են գտնվել և ներկայացրել են որոշ տվյալներ, որոնք գուցե պետք չէին: Ըստ այդ կենսագրության՝ նա 2009-2012թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական:
2012թ.-ին աշխատել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական:
Իսկ ահա հաջորդ բազայում Հակոբ Սիմիդյանի կենսագրությունը ներկայացնելիս նշել են ոչ թե «Հայկական ժամանակ» օրաթերթի անունը, այլ ՍՊԸ-ի անվանումը` «Դարասկիզբ», և այս դեպքում՝ «պաշտոնի բարձրացմամբ»` տնօրենի տեղակալ:
Հետաքրքրական է նաև, որ պատգամավորների կենսագրութունները ներկայացնելիս, պարզապես շրջանցել են Նիկոլ Փաշինյանի անունը. խարա՞ն էր Հակոբ Սիմիդյանի համար, թե՞ այլ նպատակ կար՝ դժվար է ասել:
Այնուամենայնիվ, ԽԾԲ-ին մշտապես դեմ արտահայտվող Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ պետք է ապացուցել, որ ինքը սովորական շոումեն է, ով այս արտահերթով խորհրդարան լցրեց իր ձեռքի տակ աշխատած մարդկանց: Այդպես էր անում նաև Սերժ Սարգսյանը, իսկ նոր իշխանականները ոչնչով չեն ուզում տարբերվել նրանից:
Հակոբ Սիմիդյանի մասին խոսելիս նաև պետք է նշել, որ հեղափոխությունից հետո նա նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ, այս ամիսների ընթացքում չհասցրեց ինչ-որ բան անել, երբևէ աչքի չընկավ ի պաշտոնե ծավալած գործունեությամբ: Տեսնենք՝ ինչ կանի նա խորհրդարանում: Ինպես կասեր Լիլիթ Մակունցը՝ «մեր երեխեքով Ազգային ժողովում շատ ուրախ կլինի»։