Հայաստանը եղել և շարունակում է մնալ ՌԴ-ի ամենամտերիմ դաշնակիցն Անդրկովկասում․ Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն
Հայ-ռուսական հարաբերություններում որևէ «փլուզում» տեղի չի ունեցել։ Այդ մասին հայտարարել է Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։
«Ի՞նչ է նշանակում վերականգնել հարաբերությունները: Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է աշխարհում և տարածաշրջանում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր, վերականգնելու ոչինչ չկա, հարկավոր է զարգացնել այն, ինչ կա՝ նախորդ ղեկավարների ստեղծած բազայի հիման վրա։ Հայերը մեր պատմական դաշնակիցն են»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է նաև, որ Հայաստանը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն ու գործընկերն Անդրկովկասում։
Վերջում ՌԴ նախագահը հավելել է նաև, որ հաջորդ շաբաթ հանդիպում կունենա ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հետ: