Անկարծիք փոխվարչապետը
Համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ քննադատում են Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին:
Այսօր լրագրողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հարցրին նրա կարծիքը Արշակ Կարապետյանի նշանակման վերաբերյալ:
«Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող են արվել տարբեր մեկնաբանություններ, հետևաբար, այն ժամանակվա մեկնաբանությունները և մեր տիրապետած ինֆորմացիան այն է, ինչը փաստացի շրջանառվում էր մամուլում»,-ասաց Ավինյանը՝ ըստ էության, խուսափելով հարցի պատասխանից:
Լրագրողի պնդմանը՝ որ նախկինում այս պաշտոնյայի վերաբերյալ իր կողմից արված քննադատությունը կա համացանցում, Ավինյանը պատասխանել է շատ կարճ և կտրուկ՝
«Ես Արշակ Կարապետյանի մասին կարծիք չեմ ունեցել, որ փոխեմ այն»:
Սա Տիգրան Ավինյանի առաջին բացառիկ խոստովանությունն է՝ փոխվարչապետ աշխատելուց ի վեր: Վերջապես Կառավարության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ կարծիք չի ունեցել, պարզապես մի հավելում՝ նա կարծիք չի ունեցել ոչ միայն Արշակ Կարապետյանի վերաբերյալ, այլ ցանկացածի և անգամ երևույթի նկատմամբ, և իր կարծիքը Փաշինայնի կարծիքն է, իսկ քանի դեռ Փաշինյանից չի ստացել «դաբրո» Կարապետյանի մասին խոսելու, ստիպված է ինքնախոստովանությամբ զբաղվել: Տիգրան Ավինյանն այսօր ևս մեկ անգամ փաստեց, որ Կառավարության անդամները զերծ են անձնական կարծիքից, թեև Փաշինյանն աջ ու ձախ հայտարարում է բազմակարծության և խոսքի ազատության մասին: Ավինյանի խոսքի ազատությունն ավարտվում այնտեղ, որտեղ սկսվում է Փաշինյանինը:
NEWSPRESS.am