Ազգային ժողովը չարազ են արել, չրթում են
Րոպեներ առաջ Մարիոթ հյուրանոցում ավարտվեց «Իմ քայլը» դաշինքի փակ հանդիպումը, որի ժամանակ որոշվել է Ազգային ժողովի ղեկավար կազմը:
Մինչև այդ ղեկավար կազմին ներկայացնելը նշենք, որ նման անփառունակ Ազգային ժողով Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և 7-րդ գւմարման խորհրդարանը առանձնանալու է անփորձ խամաճիկների բազմությամբ:
Եվ այսպես՝ «Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները։
Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն Լիլիթ Մակունցն է: Պարզվել է, որ Սփյուռքի նախարարությունում յոթ ամիս «մլուլ տված» Մխիթարն էլ որոշել է գնալ Ազգային ժողով և նույն բանից մի քիչ էլ այնտեղ անել:
Պարզվում է նաև, որ մեզ Սփյուռքի նախարարություն պետք չէ, թեև օր ու գիշեր խոսում ենք հայրենադարձության մասին:
Ակնհայտ է, որ Մխիթար Հայրապետյանն իրեն վստահված ոլորտում պազապես տանուլ է տվել և հիմա էլ չքմեղի դեմքով ասում է՝ եթե Սփյուռքի նախարարությանը ավելի լայն լիազորություններ տան, այդ նախարարությունը պահելն իմաստ ունի: Մի հարց տվող լինի՝ իսկ եղած լիազորությունների շրջանակում ի՞նչ ես արել այս յոթ ամիսների ընթացքում:
Բառացիորեն նույն վիճակն է նաև Մշակույթի նախարարությունում: Այս օրիորդը ևս, մշակույթից գլուխ չհանելով, որոշեց հեռանալ՝ այս անգամ հասնելով օրենսդիր:
Օրենսդիրի ղեկավարն էլ, պարզվում է՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Արարատ Միրզոյանն է լինելու, որ փոխվարչապետության ողջ ընթացքում այդպես էլ չգիտակցեց իր պաշտոնի և պարտականությունների սահմանը:
Այս մարդկանց շարքը ստվար է, ու ողբերգություն է նման խիտ բազմություն երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնում ունենալը:
Ափսոսդ գալիս է անգամ վճարածդ հարկը, որից գոյանալու է այս անփառունակ բազմության աշխատավարձը: