Նաիրիտցիները փակել են կառավարության մուտքը․ պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու պահանջով եղել են կառավարության դիմաց։
«Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ, գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հայտարարեց, որ թեև խոստացել են, սակայն, ո՛չ նախկին, ո՛չ էլ գործող կառավարությունը «Նաիրիտ»-ի խնդրով չի զբաղվում:
«Հիմա մենք պահանջում ենք, որ վարչապետը հանդիպի մեզ հետ, մինչև չհանդիպի՝ չենք գնալու»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ իրենց պահանջի մասին արդեն հայտնել են վարչապետի ժ/պ-ի օգնական Նաիրի Սարգսյանին։
Համակարգող խմբի մեկ այլ անդամ՝ Կարինե Շահվերդյանն էլ, NEWSPRESS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչև Նաիրի Սարգսյանի դուրս գալը, նաիրրիտցիները փակել են կառավարության շենքի մուտքը։ Եկել են ոստիկաններ, որից հետո Նաիրի Սարգսյանը դուրս է եկել իմանա, թե ինչ պահանջով են նաիրիտցիները փակել մուտքը։
Խոստացել է խնդրի մասին տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին (թեև վերջինս քաղաքում չի եղել։ Փաշինյանը գտնվել է Դիլիջանում-հեղ․)։
Բողոքի մասնակիցները երկար են սպասել, սակայն, Փաշինյանին չհանդիպելով, որոշել են կրկին գալ կառավարություն՝ արդեն ուրբաթ օրը։
«Մենք պահանջում են ոչ միայն վճարել մեր աշխատավարձի պարտքի տոկոսները, այլև վերագործարկել գործարանը, հատկապես որ ներդրողներ կան։ Ուզում ենք խոսել հենց Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի մանրամասնորեն ներկայացնենք նրան խնդիրն ու տեղեկացնենք վիճակի մասին»,-մեզ հետ զրույցում ասաց Կարինե Շահվերդյանը՝ հավելելով, որ եթե իմանային Փաշինյանը տեղում չէ, այդքան երկար չէին սպասի։
Նա նկատեց նաև, որ հույսեր են կապում Փաշինյանի հետ հանդիպումից։
Նշենք նաև, որ նաիրիտցիների մեծ մասը վճռական է տրամադրված՝ եթե այս կառավարությունն էլ չլուծեց իրենց զբաղվածության հարցը, ապա ընտանիքով մեկնելու են երկրից։