Հուսով ենք՝ Հայաստանի նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա՝ դիմակայելու շանտաժին. ՌԴ ԱԳ փոխնախարար
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը տղամարդկություն կգտնի դիմակայելու ԱՄՆ ճնշումներին և շանտաժին և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիի» հետ զրույցում ասել է պետքարտուղար, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Հոկտեմբերին Երևան այցելեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խնդիրը, նա նշել էր, որ ամերիկյան զենքն «ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը»: Բոլթոնը նաև Երևանին խորհուրդ էր տվել միջազգային հարաբերությունների հարցում հրաժարվել «պատմական կաղապարներից»:
«Երկրում ընթացիկ տարում տեղի ունեցող ռադիկալ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը ներքին և ներքաղաքական գործերին ավելի անտակտ է դառնում»,- ասել է Կարասինը:
Դիվանագետի խոսքով՝ Բոլթոնը հայ ժողովրդի պատմական փորձը վիրավորանքով անվանեց «պատմական կաղապար», ինչպես նաև հրամայեց Հայաստանին՝ ամերիկյան զենք գնել և որքան հնարավոր է շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին: «Եթե սա հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմն է, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես է «ձեռքերի ոլորում» տեղի ունենում կուլիսներում»,- նշել է Կարասինը:
«Հույս ունենք, որ Հայաստանի գործող ղեկավարությունը, որն ԱԺ ընտրություններում ստացավ անհրաժեշտ մանդատը, տղամարդկություն կգտնի սդիմակայելու արտաքին շանտաժին ու ճնշմանը, ազգային շահերին համահունչ՝ կպաշտպանի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը» ,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը: