Երևանում դեռ 4 տարի էլ հանրային տրանսպորտը կմնա նվաստացուցիչ. Կարեն Չիլինգարյան
Երևանի քաղաքային տրանսպորտի առկա խնդիրներին նորերն են ավելացել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Դեռ 90-ականներին սկսեցին ներկրել «Գազել»-ներ ու ոլորտում տեղ զբաղեցնել, ինչից հետո տրանսպորտի վիճակը դարձավ անկառավարելի։ Չիլինգարյանը հիշեցրեց, որ 2 տարի առաջ Երևանի քաղաքապետարանը սկսել էր հարցի լուծման ուղղությամբ աշխատանքներ տանել․ ծախսվեց մեծ գումար, որպեսզի բրիտանական ընկերությունն ուսումնասիրի ոլորտն ու լուծումներ առաջարկի։
Ուսումնասիրության արդյունքում ներկայացվեց փաթեթ, ու հիմա, երբ պետք է մեկնարկեր տրանսպորտի գնման և ներկրման փուլը, ամեն ինչ փոխվեց։ Նոր իշխանությունն այդ մասին չի խոսում։
Իսկ վերջերս էլ, նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, թե տրանսպորտի հարցը կլուծվի 2-4 տարում։
«Քաղաքում խցանումներն ուղղակիորեն կախված են տրանսպորտի քանակից և որակից: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դրանք մոտենում կանգառներին, կանգնում են 2-րդ 3-րդ գծում, և ոչ ոք հարցը չի լուծում: Ով պատահի՝ վարորդ է աշխատում, իսկ վարորդական իրավունքները գնում են»,- ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ այդ ամենի հետևանքով նաև մեծ թվով պատահարներ են լինում:
Նա համաձայն չէ այն տեսակետին, թե տրանսպորտն ի վնաս է աշխատում, պարզապես նկատում է, որ այս հարցով զբաղվող չկա և, ըստ ամենայնի, 4 տարի էլ հարցը դեռ կհետաձգվի։
Չիլինգարյանի որակմամբ՝ Երևանում հանրային տրանսպորտը նվաստացուցիչ է մարդկային արժանապատվության համար։