Դեմագոգների իշխանությունը հյուծում է Հայաստանը
Առաջին հայացքից Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մեջ իրականում քաղաքականության համ ու հոտ չկա:
Լուսանցքից դուրս ծավալվող վերջին իրադարձությունների ֆոնին թերևս ամենացավոտն իրական ընդդիմության պակասն է խորհրդարանում: Ընդդիմություն, որը կաշկանդված չէր լինի Նիկոլով և յուր ֆետիշացմամբ:
Ստեղծված ճահճից դուրս գալու համար իրենք իրենց փորձում են մաքրել հենց իշխանությունները: Օրը մեկը հարցազրույց է տալիս և հավաստիացնում, թե հենց իշխանական խմբակցության ներսում կձևավորվի ընդդիմությունը: Այդպես ասաց աներձագ Հրաչ Հակոբյանը, խոսքն էլ վերահաստատեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Այստեղ հարց է առաջանում, թե ովքեր կդառնան ընդդիմադիրները՝ Աննայի եղբայրներ Հրաչ ու Երջանիկ Հակոբյաննե՞րը, թե՞, օրինակ, Ալեն Սիմոնյանը:
Ի դեպ, Ավինյանը պատասխանել է հարցին, թե ինչով է տարբերվելու այս խորհրդարանը նախորդ խորհրդարաններից: Նրա համոզմամբ՝ այս խորհրդարանը մաքսիմալ քաղաքական է լինելու.
«Այն մարդիկ, որոնք ներկայացված են լինելու խորհրդարանում, քաղաքական մարդիկ են»:
Ավինյանն իրականությունից կտրված այնպիսի մտքեր է արտահայտել մեկ հարցազրույցում, որ ակնհայտ է դարձնում նրա՝ խոր թմբիրի մեջ գտնվելու հանգամանքը: Նման հարցազրույցներից հետո կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, մարիխուանայի և իր միջև սերտ կապի մասին լուրն ամեն դեպքում այնքան էլ երևակայական չէր: Չնայած, ըստ օդում կախված լուրերի՝ մարիխուանայի էջը փակված է կառավարական վերին էշելոնի մոտ, քանի որ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանն այլ՝ առավել հետաքրքիր ապրանքի ճանապարհներ է բացել դեպի կառավարություն:
Այստեղ ահա ընդդիմություն կարող է ձևավորվել, եթե, օրինակ, Ալեն Սիմոնյանը ցանկանա միայն մարիխուանան օրինականացնել, իսկ Ավինյանն ավելի ընդլայնված օրենք ակնկալի:
Մի խոսքով՝ Հայաստանում ձևավորված օխլոկրատիան օր օրի ավելի է խորացնում արմատները և իր ճանապարհին քաղաքական հոսքից դուրս հանում իրական քաղաքական գործիչներին: Այս համատեքստում մնում է հույս հայտնել, որ այս ճգնաժամային ժամանակաշրջանից մեր երկիրը դուրս կգա և Հայաստանը հյուծող դեմագոգների իշխանությունն իր տեղը կզիջի՝ կրթված, ինտելեկտուալ և գործունյա կադրերին: