Հայկական կողմը մինչ օրս ղարաբաղյան հարցում ձախողված քաղաքականություն է վարում․ Լարիսա Ալավերդյան
Այն, որ միջազգային հանրությունը մինչ օրս ընկալում է Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս՝ Հայաստանի սխալ քաղաքականության հետևանք է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա որակմամբ՝ հայկական կողմը մինչ օրս ղարաբաղյան հարցում ձախողված քաղաքականություն է վարում:
«Անգամ ապրիլյան պատերազմից 3 տարի անց մենք չկարողացանք իրավական պահանջներ ձևակերպել և ներկայացնել Ադրբեջանին», - ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ եթե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրրքորոշումը ենթադրում էր տարածքների հանձնում, ապա, օրինակ, «Սասնա ծռեր» կուսակցության դիրքորոշումը ներկայացնում է Ղարաբաղի միավորումը Հայաստանին: Ըստ Ալավերդյանի՝ հենց այս երկու տարբեր մոտեցումները կարող են հանգեցնել հակամարտության սրման։
Առաջին օմբուդսմենը նկատում է նաև, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև հաղորդակցության հաստատման մասին լուրերը միջազգային հանրության համար «լավ դեկորացիա» են ծառայում:
«Այս գործողություններով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր պատրաստ է փոխզիջումների: Այս զիջումները մեծ մասամբ կապված են Հայաստանում օրինական իշխանության ձևավորման հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: