Ասացի՝ Սերժ, տուր այդ 5 շրջանը. հրաժարվեց. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ռուս լրագրողների հետ հանիպման ժամանակ անդրադարձ է կատարել նաև Լեռանյին Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
Բելառուսական ետության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է նաև Երևանում՝ ՀԱՊԿ նիստերից մեկի ժամանակ, երբ Հայաստանի նախագահը դեռ Սերժ Սարգսյանն էր: Նա կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միասին լուծել այդ խնդիրը՝ ընդունելով կոմպրոմիսային որոշում: Ընդ որում, Բելառուսն ու Ռուսաստանը որդեգրել են կոնսոլիդացված որոշում, այդ թվում՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական կոնտինգենտ մտցնել՝ որոշակի երաշխիքներ ապահովելու համար:
«Հետո արդեն բացեիբաց ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացված է 7 շրջան: Եվ մենք՝ Պուտինի հետ, կոնսոլիդացված որոշում ենք որդեգրել (դա եղել է Երևանում, ՀԱՊԿ նիստի ժամանակ): Սերժ, տուր այդ 5 շրջանները: Ի՞նչ պատճառ կա դրանք չվերադարձնելու, եթե դրանք դատարկ են: Նա ասում է՝ եթե ես վերադարձնեմ, նրանք այդտեղ ճանապարհ կսարքեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք մեր զորքերը կներդնենք և թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ դա ասացինք): Նա ասաց՝ ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նկատել է, որ դա իր համար զարմանալի է եղել. «Ինչո՞ւ չեն ուզում: Ազատում են 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Եվ այդժամ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կլինեին և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում: Դա կլիներ պայմանը, որով Ադրբեջանը կարող էր մաս կազմել այդ կազմակերպություններին: Ինչո՞ւ դուք հրաժարվեցիք: Բելառուսը՝ լավ, բայց Ռուսաստանը երաշխավորեց, որ այնտեղ երբեք պատերազմ չի լինի, եթե ազատվեն այն շրջանները, որոնք, դուք խոստովանում եք, որ ադրբեջանական են: Դա Ղարաբաղի մասին չէ»,- ասել է նա: