Բակո Սահակյանն այցելել է Արցախի ՊՆ. ներկայացվել են բանակի նոր հրամանատարն ու շտաբի պետը
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրերի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակված գնդապետ Ջալալ Հարությունյանին:
Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և գնդապետ Ջալալ Հարությունյանի մասնագիտական ու մարդկային որակները, անցած ուղին, համոզմունք հայտնելով, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն իրենց պարտականությունները, և մաղթել հաջողություններ ծառայության մեջ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար, ընդգծելով նրա մեծ ավանդը բանակաշինության, Պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում, և վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Լևոն Մնացականյանը կշարունակի նույն նվիրվածությամբ ծառայել հայրենիքին:
Միջոցառմանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք: