«Հավաքած ձայների քանակով առևտուր չի գնում»․ ԿԳ նախարարը չի բացառում, որ ԱԺ–ում խմբակցության ղեկավարը կլինի
Հնարավոր է, որ գնամ ԱԺ, հնարավոր է, որ մնամ գործադիրում, թիմը քննարկում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի ժ/պ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Ազգային ժողովում ղեկավարի խմբակցությունը։
«Ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա։
Հարցին՝ 14000 ձայնը բավարա՞ր է խմբակցության ղեկավար լինելու համար, նա հայտնեց, որ նման սանդղակ դրված չէ, ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որևէ պաշտոն զբաղեցնի․
«Ձայների հավաքած քանակով առևտուր չի գնում»,- ասաց Հարությունյանը։
Այն, որ նախորդ իշխանությունների ժամանակ նա հավաքել էր 4000, իսկ այս անգամ արդեն 14000 ձայն, Արայիկ Հարությունյանը կապում է անկաշառ ընտրությունների հետ։
Նա նկատում է նաև, որ դա ավելի պարտավորեցնող է՝ կրկնակի աշխատելու համար։