Ռուսաստանը գազի գինը չի փոխի մինչև բանակցությունների ավարտը
Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժ/պ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել։
Ինչպիսին կլինի պայմանավորվածությունը՝ Գարեգին Բաղրամյանը հրաժարվում է մեկնաբանություններ տալուց, քանի դեռ դրանք ընթացքի մեջ են, սակայն նկատում է, որ ամեն ինչ կարվի գազի գինը չբարձրացնելու համար։
Դիտարկմանը, թե դեկտեմբերի 31-ին պայմանագրի ժամկետն ավարտվում է, նախարարի ժ/պ-ն արձագանքեց, որ դա խնդիր չէ։
«Ժամկետը կարելի է երկարաձգել, քանի որ դրանք ծանր և ժամանակ պահանջող բանակցություններ են, իսկ քանի դեռ բանակցություններն ավարտված չլինեն, գազի գինը կպահպանվի»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։ Նա նաև նշեց, որ քանի դեռ բանակցություներն ավարտված չեն, թվեր ևս չի ասի։
Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, սակայն նկատեց, որ զրույցի մանրամասները չի հայտնի։