Մեր բանկիրները նոր թղթադրամներով բիզնես են անում դրսերում. ի՞նչ է մտածում Ջավադյանը
Ամիսներ առաջ Կենտրնական բանկն ավետեց, որ թողարկվում են 3-րդ սերնդի թղթադրամներ, իսկ օրեր առաջ՝ տարածեց հայտարարություն, որ արդեն նոյեմբերի 22-ից այդ 3-րդ սերնդի թղթադրամները դրվել են շրջանառության մեջ և հասանելի պետք է լինեն յուրաքանչյուրիս:
Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում է Կենտրոնական բանկը:
Մեզ դիմած քաղաքացին հայտնում է, որ օրեր շարունակ այցելել է Կենտրոնական բանկ և փորձել ձեռք բերել նոր թողարկված թղթադրամներ, սակայն ամեն անգամ դա նրան չի հաջողվել տարբեր պատճառաբանություններով, որոնցից ամենակարևորը հետևյալն է՝ նոր թղթադրամներ դեռ չեք կարող ձեռք բերել, քանի որ շատ քիչ քանակով են տպագրվել:
Սակայն արի ու տես, որ նոր հայկական դրամը, ինչպես ասել են ԿԲ-ից՝ շատ քիչ տպաքանակով տպագրված, վաճառվում է սև շուկայում: Կենտրոնական բանկի մեր պաշտոնյաները, բնականաբար, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գիտությամբ և թողտվությամբ՝ հայկական թղթադրամը վաճառում են դրսի շուկաներում՝ առքուվաճառքի լավ բիզնես ծավալելով:
Չինաստան, Թաիլանդ, Իսպանիա և մի շարք այլ երկրներ են ԿԲ պաշտոնյաների թեթև ձեռքով հասնում նոր տպագրված 3-րդ սերնդի թղթադրամները և այնտեղ վերավաճառվում բավականին թանկ գնով:
Ebey-ում, ինչպես նաև այլ օնլայն հարթակներում ազատորեն վերավաճառվող հայկական թղթադրամները, փաստորեն, տպագրվել են միայն որոշ բանկիրների և սպեկուլյանտների հարստացման համար, մինչդեռ ԿԲ պնդում էր, որ նոր թղթադրամները տպագրվել են դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար:
Ի դեպ, հրապարակված տեղեկատվության վերաբերյալ սպասելու ենք ԿԲ արձագանքին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվել է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ, թողարկվել են նաև նոր 10, 20, 50 հազարանոցներ:
NEWSPRESS.am