Ներսիկ Նազարյանի մասին շրջանառվող լուրերը բացարձակ սուտ են․ փաստաբան
Մամուլում վերջերս տեղ են գտել տարօրինակ և անհայտ «ծագմամբ» հրապարակումներ, որտեղ հնչեցվել են անհիմն մեղադրանքներ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի վերաբերյալ։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարտուն Փանոսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնք, նրա գնահատմամբ, իրականության հետ որևէ կերպ կապված չեն։
Փաստաբանը նկատում է, որ եթե այդ լուրերը համապատասխանեին իրականությանը, ապա և՛ դատախազությունը, և՛ իրավապահ մարմիններն արդեն որոշակի գործողություններ ձեռնարկած կլինեին, մինչդեռ հնչեցված մեղադրանքներից որևէ մեկի մասով քրեական գործեր չկան հարուցված։
«Տարածված լուրերը բացարձակ սուտ են, իրականությանը չեն համապատասխանում: Ներսես Նազարյանը, օգտվելով սահմանադրական իր իրավունքներից, դիմել է դատական պաշտպանության և հայցադիմում է ներկայացրել համապատասխան դատարան, ինչպես նաև դիմումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին ու Ազգային անվտանգությանը, որոնք այժմ ուսումնասիրվում են, որպեսզի իրավական գնահատական տրվի այն հրապարակումներին, որոնք հերյուրանք են պարունակում ու վարկաբեկում են Ներսիկ Նազարյանի բարի համբավը»,- ասաց փաստաբանը։
Նա տեղեկացրեց նաև, որ պատրաստվում են հրապարակման հեղինակներին պատասխանատվության ենթարկել՝ օրենքի ողջ խստությամբ։
«Սա հիմք կհանդիսանա, որպեսզի դադարեցվի իրականությանը չհամապատասխանող և բացարձակ սուտ տեղեկությունների տարածումը, այն էլ անհայտ ծագման լրատվամիջոցների կողմից»,- ասաց Մարտուն Փանոսյանը՝ հավելելով, որ Ներսիկ Նազարյանը կշարունակի օրենքով սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները։
Նա հույս հայտնեց նաև, որ պատկան պետական մարմինները կկարողանան համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման տեղեկատվության տարածումն այլևս չկրկնվի, իսկ տարածելու դեպքում էլ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել են լուրեր, թե իբր 15 տարի առաջ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից ստեղծվել է մի «հանցախումբ», որն զբաղվել է հայուհիների և նրանց երեխաների վաճառքով և խարդախությյամբ: