Տապալվածների հաղթանակը
Քարոզարշավի ընթացքում «ԻՄ Քայլը» դաշինքի երկու թեկնածու թվում էր ամբողջությամբ տապալել է իր կարիերան:
Դրանցից մեկը Լենա Նազարյանն էր, ով ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ բանավեճի ընթացքում ջուրն առել էր բերանը: Պատգամավորի թեկնածուն բացարձակ ասելիք չուներ, կրկնում էր հպանցիկ լսած որոշ մտքեր և ցույց տալիս, թե ինչ աստիճանի զուրկ է պետական կառավարմանը վերաբերող գիտելիքներիից:
Լենա Նազարյանն ստացել է 11300 քվե:
Հավանաբար, քվեարկողները հաշվի են առել ոչ թե Լենա Նազարյանի՝ որպես քաղաքական գործիչ կերպարը, այլ նրա՝ ֆայերներ միացնելու հմտությունը: Այլապես այս կնոջը, ով շարունակում է նախկին իշխանությունների արատավոր սովորությունները (նա պահը չկորցրեց և ամուսնուն պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում խցկեց), այսքան ձայն չէին տա:
Նմանօրինակ հոդված էինք գրել նաև այն ժամանակ, որ չգիտես ինչու նախորդ ընտրությունների ժամանակ մարդիկ հազարավոր ձայներ էին շռայլել Քեթրինի Միհրանին և Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանին: Ի դեպ՝ աներձագ ասելիս միանգամից հիշում ենք Փաշինյանի աներձագին՝ Հրաչ Հակոբյանին. նա հավաքել է 8920 ձայն: Փաստորեն, աներձագը Հայաստանում դարձել է քաղաքական կատեգորիա:
Հաջորդ տապալված թեկնածուն փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն էր: Նա Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ընթացքում կրկնեց Սասուն Միքայելյանի՝ չարաբաստիկ միտքը՝ թե «թավշյա հեղափոխությունն» Արցախյան պատերազմից կարևոր է եղել:
Այս և այլ հարցերի շուրջ Ռուբինյանը ցույց էր տվել իր անտեղյակությունը մեր երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Չնայած, հեղափոխությունից հետո գիտելիքներ ունենալն էական նշանակություն չունի, այս շրջանում միայն դիտարկում են նախկին իշխանության հետ կապ ունենալ կամ չունենալը, կոռումպացված լինել կամ չլինելը, բայց նաև պետք է հասկանալ, որ երկրի կառավարման օղակներում տորիչելյան դատարկություն հիշեցնող գանգատուփերին նստեցնելով՝ Հայաստանում նոր իրավիճակը միայն բացասական երևույթների հետ կասոցացվի, իսկ հետընթացը կդառնա սովորական առօրյա:
Ինչևէ՝ 3321 մարդ որոշել է վստահել Ռուբինյանին: