Իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել. Շարմազանովը հրավիրում է իրավապահների ուշադրությունը
Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակով, ինչպես նաև Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում հրավիրել է իրավապահների ուշադրությունը և նշել, որ իր շտաբի մոտ ընտրակաշառքի գործողություն են բեմադրել.
«Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:
Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:
Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:
Հրավիրում եմ իրավապահների և բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ և հետևողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:
Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք և խորը շունչ քաշեք»: