Հայ ազգն աշխատող ազգ է, ստեղծող է, թամբալ չէ, հարկավոր է աշխատատեղեր բացել. Ծառուկյանը՝ Գավառում (լուսանկարներ)
Աժ ընտրությունների քարոզարշավի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպումից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախ մտավ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գավառում Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին աղ ու հացով ու զուռնա-դհոլով։
Ներկայացնելով ԲՀԿ ծրագրերը՝ Ծառուկյանը նկատեց, որ չկա մի երկիր, որտեղ հայ չլինի. «Դա նրանից է, որ հայ ազգն աշխատող ազգ է, ստեղծող է, թամբալ չէ, բայց երկրի ներսում աշխատանք չեն գտնում ու արտագաղթում են։ Հիմա հարկավոր է աշխատատեղեր բացել, որ մարդիկ լավ ապրեն, տնտեսությունն էլ զարգանա»,- ընտրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ նախագահը։
Նա նշեց նաև, որ այսօր Հայաստանն արտաքին պարտքեր ունի, որը ժողովուրդն իր գրպանից է տալու։
«էդ ո՞նց պետք է ժողովուրդն էդ գումարները տա, եթե աշխատանք չունի, ապրելու միջոց չունի»։
Անդրադառնալով մասնավորապես գյուղատնտեսական վարկերին՝ Ծառուկյանը նկատեց, որ բանկերն աշխատում են «լոմբարդային» քաղաքականությամբ։
«Եթե 23-29 տոկոսով փակում են վարկը, էլ էդ վարկ վերցնելու օգուտն ու շահույթը ո՞րն է։ Պետք է էնպես անենք, որ վարկերը շատ ցածր տոկոսներով լինեն, որպեսզի մարդիկ կարողանան շունչ քաշել ու վիճակը փոխվի»,- ասաց Ծառուկյանը։ Նա նկատեց նաև, որ եթե մարդ կամեցող լինի՝ Աստված նրան անպայման կհատուցի։