Մարտունին և Ռուսթավելին կճանաչվեն քույր քաղաքներ. հուշագիր կստորագրվի արտահանման մրգի վերաբերյալ
Մենք ոչ թե պետք է սպասենք, որ Ծառուկյանը բարեգործություն անի, այլ պետք է աշխատատեղ ստեղծենք, որ մարդիկ իրենց աշխատանքով կարողանան իրենց տունը պահել։ Այս մասին Գեղարքունիքի մարզում մարտունեցիների և վարդենիսցիների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ընտրություններում ԲՀԿ կողմից թիվ 11/11 տեղամասում առաջադրված պատգամավորի թեկնածու Սողոմոն Սողոմոնյանը։
Բնակիչների հետ հանդիպմանը, ԲՀԿ առաջնորդի հրավերով, ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պաատա Մխեիձեն։ Ծառուկյանը, Սողոմոնյանն ու Մխեիձե արդեն իսկ վճռել են՝ Մարտունի և Ռուսթավելի համայնքները պետք է ճանաչվեն քույր քաղաքներ։ Սողոմոն Սողոմոնյանը նկատեց, որ շատերը միայն ճառ են կարդում, իսկ իրենք գործ են անում։ Որպես ապացույց՝ ԲՀԿ ներկայացուցիչները հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանը, պատգամավորի թեկնածու Սողոմոն Սողոմոնյանն ու վրաց պատգամավորը համագործակցության հուշագիր կստորագրեն, որի շրջանակում Մարտունիից կարտահանվանի տեղական միրգն ու բանջարեղենը։
Իսկ մինչ այդ Պաատա Մխեիձեն, օգտվելով առիթից, իր ելույթում նշեց, որ իր և Սողոմոն Սողոմոնյանի 40 տարվա շփման արդյունքում նկատել է, որ նա կիրթ, ժողովրդասեր, իր հող ու ջրին նվիրված մարդ է։
«Ուրախ եմ որ նա պատգամավորի թեկնածու է։ Վստահ եմ, որ չեք փոշմանի նրան ընտրելով»,- ասաց Մխեիձեն:
Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում նկատեց, որ հնչած բոլոր խոստումներն անպատճառ իրականություն են դառնալու։
«Ինձ մի կին է մոտեցել ու ասում է՝ դուք ինչ ասում եք՝ սուտ եք ասում։ Ասում եմ՝ տիկի՛ն, ո՞վ, ե՞ս։ Ասում է՝ չէ, դուք բոլորդ։ Ասեցի՝ քեզ ով ուղղորդել է, գնա նրան ասա, իսկ Ծառուկյանն իր խոսքի տեր մարդ է։ Իմ խոսքը գործ է»,- քաղաքացիների հետ հանդիպմանը պատմեց Ծառուկյանը։
Նա նորից հիշեցրեց, որ երկու համայնքների միջև բարեկամությունն արդեն իսկ մեկնարկած կարելի է համարել, որի անմիջական պատասխանատուն Սողոմոն Սողոմոնյանն է լինելու։