Ծառուկյան ջան, Աբովյանի նման մեր Թալինն էլ թևիդ տակ առ. տարեց կինը՝ ԲՀԿ առաջնորդին (ֆոտո, վիդեո)
Ես նայում եմ, բոլորը խոսում, ասում, խոստանում են. մի հարցնող լինի՝ կյանքում գոնե 100 000 դրամի օգուտ տվե՞լ եք, որ էդպես մեծ- մեծ խոսում եք։ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա ևս մի անգամ նկատեց, որ իր խոսքը գործ է և ինչպես միշտ՝ ԱԺ ընտրություններից հետո 1l շարունակելու է իր գործը՝ անկախ ընտրությունների արդյունքից։
«Մենք ցանկացած ոլորտում գործ ունենք արած, ծաղկացրել ենք, զարգացրել ու դարձրել մրցունակ։ Ես ուզում եմ, որ ներդրողները վստահ ներդրումներ կատարեն, ոչ ոք չի վստահի թույլ երկրի, մենք պետք է շենացնենք մեր երկիրը, որպեսզի բոլորի մոտ հպարտ ասենք, որ հայ ենք։ Չպետք է այնպիսի տպավորություն լինի, որ մենք օտարերկրացուց գումար ենք խնդրում, մուրում, մենք պետք է այնպես անենք, որ նրանք իրենք խնդրեն ներդրումներ անել»,- ասաց Ծառուկյանը։
Թալինցիները հետաքրքրվեցին, թե ինչ լուծում է առաջարկում Ծառուկյանը ոռոգման ջրի հետ կապված։ Վերջինս նկատեց, որ գիտի մարզում առկա գյուղատնտեսական խնդիրների մասին և պատրաստ է աջակցել՝ ինչով կարող է։ Նա հիշեցրեց՝ երբ մեկ-երկու տարի առաջ օգնեց թալինցիներին սերմացու ձեռք բերել, ճիշտ է՝ սերմացուն վատը, անորակ դուրս եկավ, և մնաց գյուղացու չարչարանքը, սակայն Ծառուկյանը փոխհատուցեց կրած վնասը։ Այժմ էլ նա պատրաստ է աջակցել ոռոգման ջրի խնդրին։
Այն ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդը պատասխանում էր թալինցիներին հուզող հարցերին, տարեց մի կին խնդրեց նրան. «Ծառուկյան ջան, ոնց որ Աբովյանն ես թևիդ տակ առել ու տիրություն ես անում, Թալինն էլ քո ձեռքը վերցրու»։
Ծառուկյանը ժպտաց ու նկատեց, որ Աբովյանում էլ գյուղատնտեսական հարցերն ամբողջովին լուծված չեն, քանի որ միայն բարեգործություններով հնարավոր չէ մեծ հարցեր լուծել։
«Դրա համար եմ ասում՝ ձեր ճիշտ ընտրությունը կատարեք։ Ես չեմ ասում՝ պետք է մեզ ընտրեք, ում հարմար գտնեք, նրան էլ կընտրեք։ Ես մինչև հիմա արել եմ ու սրանից հետո ավելի շատ եմ անելու»,- ասաց Ծառուկյանը։
Նա նկատեց նաև, որ թեև վարչապետը շատ է ուզում, բայց միայնակ չի կարող շատ բան փոխել՝ նրան օգնող ուժ է հարկավոր։
Ծառուկյանը Թալինում ներկայացրեց նաև կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներին։
Մանրամասները՝ տեսանյութում