Ոչ ոք չի ուզում տանը նստել ու նպաստով ապրել, եթե գործ չկա՝ մենք ենք մեղավոր. Ծառուկյան (ֆոտո, վիդեո)
Մենք պետք է օգտագործենք մեր կապերը՝ երկրի վիճակը բարելավելու համար։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ։
Նա նկատեց, որ հեղափոխությունից հետո շատերն ուզում են գալ, շատերն եկել են, բայց չգիտեն՝ ինչ անեն, որտեղ աշխատեն։
«Ով կարող է մեր ժողովրդի վիճակը բարելավի, ես նրա կողմնակիցն եմ։ Կարևոր չի, որ ասում են՝ տնտեսական աճ կա. տնտեսական աճը դա ժողովրդի վիճակն ա, նրա սառնարանն ա, որ բացես ու հասկանաս, որ տնտեսական աճ կա։ Միայն խոստում տալով չէ, միայն թեորիան չէ, այլ գործնական քայլերը։ Եթե որևէ քաղաքական ուժ, իրոք, կարող է ժողովրդին օգնել, ես նրանց ցավը տանեմ, ես միայն կողքից կօգնեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը և հավելեց, որ ամեն ուժ պետք է իր «քաշի ներածի» խոստումներ տա։
Ծառուկյանը նկատեց, որ ինքն արել է ու հիմա էլ շարունակելու է գործել ի շահ ժողովրդի բարօրության։
«Էսօր նենց մարդիկ են խոսում ու խոստումներ տալի, որ 100 000 դրամի օգուտ էլ չեն տվել ոչ մեկի»:
Նա նաև անդրադարձավ կրթական համակարգին և նկատեց, որ մայրը չի կարող հանգիստ քնել, եթե իր երեխան փողի պատճառով չի կարողանում սովորել։
ԲՀԿ առաջնորդը նաև ընդգծեց, որ մարդկանց համար անհրաժեշտ է համարում աշխատատեղեր բացելը.. «Ոչ ոք չի ուզում տանը նստել, ոչ ոք չի ուզում միայն նպաստի հույսին ապրել. պետք է մենք ստեղծենք աշխատանք, որ հետո չասենք՝ դուք թամբալ եք, չեք աշխատում, եթե չեն աշխատում՝ ուրեմն մեր մեղքն է»։
Մանրամասները՝ տեսանյութում