««Զակազշիկը» երևի «հղի ա» ինչ-որ բանից». Առաքել Մովսիսյանը հերքում է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) Սևանում հանդիպել է «գողական աշխարհի» ներկայացուցիչների հետ: Նույն աղբյուրի համաձայն՝ ողական աշխարհի ներկայացուցիչ Գրիշան մյուսների հետ ծեծի է ենթարկել Մովսիսյանին՝ Մանվել Գրիգորյանից երես թեքելու և Գրիգորյանի մասին վատ խոսելու համար:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում այդ մասին լուրը հերքեց Առաքել Մովսիսյանը: Նա նկատեց, որ նախ ինքն արդեն 3-4 ամիս է, ինչ Սևանում չի եղել:
«Գրիշի պապան էլ գերեզմանից հելներ, նման բան չէր կարող տեղի ունենալ...»,- ասաց Մովսիսյանը:
«Չգիտեմ՝ Դուք ինչ անուն եք տալիս, «գողական աշխարհ» կասեք, թե որ աշխարհ, բայց էդ տղերքը լրիվ ինձ համար հարազատ են: Հետո, գրողները նաև պետք ա մի բան հասկանան, որ 94-96 թթ. էդ տղերքի շնորհիվ լիքը զենք-զինամթերք ու օգնություն գնաց Ղարաբաղ: Դա նրանց շնորհիվ էր նաև: Ով լսի, որ նման բան են իմ մասին գրել, կծիծաղի»,- ասաց Առաքել Մովսիսյանը:
Նա նաև նկատեց, որ ինքը 53 տարեկան մարդ է և ինքը առիթ չի տվել, որ իր շփումների ընթացքում որևէ մեկն իր հանդեպ նման բան թույլ տա: Նա նկատում է, որ այն մարդկանց, ում նկատի ունեն, իր ընկերներն են, հարազատներն են, և նրանց հետ ինքը ճանապարհ ունի անցած:
«Ես զինվորական եմ եղել և էդ տղերքի հետ ընկերություն եմ արել, քանի որ իրենք Արցախյան պատերազմի ժամանակ էնքան են մեզ օգնել, ու էդտեղից ա մեր հարազատությունն սկսել... իմ մասին նման բան գրողի զակազշիկը երևի «հղի ա» ինչ-որ բանից»,- ասաց Մովսիսյանը:
Նա նկատեց նաև, որ ոչ միայն «գողականներին», այլև բոլոր «լավ տղերքին» էլ մեծ հարգանքով է վերաբերվում:
«Լավ տղուց լավ բան չկա, ով բանակի համար լավ բան ա անում, էն իմ համար լավ տղա ա»: