Ի՞նչ է ստուգելու Փաշինյանը նոյեմբերի 24-ին
Րոպեներ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին մտավ ուղիղ եթեր և հայտարարեց, որ մեծ երթ է իրականացնելու Երեւանում` նոյեմբերի 24-ին, ժամը 10-ին:
Նիկոլն ասում է, որ այդ քայլարշավով ստուգելու է, թե ինչ մարզական կարգավիճակում է ժողովուրդը, իսկ Փաշինյանի իրական նպատակն իր ռեյտինգի չափը ստուգելն է, փորձում է տեսնել, թե որքան մարդ է հավաքվելու, հաշվելու է նրանց՝ իսկ այդ հաշիվը նրան խիստ անհրաժեշտ է արտահերթ ընտրություններից առաջ:
Փաշինյանը չի բավարարվում քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ հայաստանյան մարզերում՝ Գեղարքունիքում և Արագածոտնում քարոզարշավ իրականացնելով և, բնականաբար, մինչ քարոզարշավի մեկնարկը՝ այդ մարզեր ևս կհասցնի գնալ և ամբիոններից բոլորին ասել, որ համբուրում է, սիրում է նրանց:
Փաշինյանն օրվա հացը դժվարությամբ վաստակող և 80 հազար դրամի կարոտ, իրենց տան տղամարդկանց արտագաղթի ճանապարհած մարզերում ապրող մեր հայրենակիցներին ամոթը կորցրած ասում է, որ Կառավարությունն ինչ ասել՝ արել է՝ մի վայրկյան անգամ չհիշելով, որ ամեն ինչ մնացել է Կառավարության թղթի վրա գրված:
Փաշինյանը մոռանում է, որ խոստացավ իրական փոփոխություն, այնինչ՝ քաղաքացիներին հրամցնում է սերիալ, մի կինո, որի վերջում հաստատ Փաշինյանը նույնքան արագ գահընկեց կարվի, որքան արագ բարձրացավ այդ գահին:
Փաշինյանն այրում է իրեն ժողովրդի հետ կապող բոլոր կամուրջները՝ աջ ու ձախ թքելով այն օրենքների վրա, որոնց շվաքի տակ գործում է անօրինականություն:
Օրինակ՝ ասում է՝ իրավապահ մարմիններին և իր կառավարության անդամներին առհասարակ զգուշացրել է՝ վարչական ռեսուրսի կիրառում չի լինելու, սակայն նույն այդ մարդիկ կիրառում են վարչական ռեսուրս:
Որևէ մեկը Փաշինյանին հարցրե՞լ է՝ առանց վարչական ռեսուրսի կիրառման՝ Գեղարքունիքում և Արագածոտնում աշխատանքային ժամերին այդքան մարդ քեզ ո՞նց կգար դիմավորելու, մի՞թե ժողովուրդն այդքան միամիտ է:
Փաշինյանի իշխանատենչությունը հասնում է անթույլատրելի սահմանին, ամեն ինչ հանուն աթոռի պայքարում Փաշինյանը շտապում է գերազանցել իր նախորդներին:
Եվ հիմա, փաստորեն, մի հատ էլ երթ է անում: Հավանաբար՝ վախեր ունի, որ մարդիկ դուրս են եկել էյֆորիկ թմբիրից, ու գուցե առաջվա նման իր հետ չքայլեն, քանի որ բախվել են դառն իրականությանը:
Իսկ իրականությունն այն է, որ նոր Հայաստանն ավելի վատն է, քան Սերժ Սարգսյանի Հայաստանը: