Սիրուն չէ, Լիլի՛թ, ամոթ է. Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտն Օպերայի շենքում տեղի չի ունենա
ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու՝ Մարգարյանի հարազատների խնդրանքը։
Մակունցի ղեկավարած կառույցից հայտնել են, թե Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում չունի և հրաժեշտը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտևի։
Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ կարգով ու ինչեր են կատարվում: Նման անհեթեթ պատասխան, իհարկե, ցանկալի չէր լսել, բայց քանի որ Մակունցն արդեն տվել է այդ անիմաստ պատասխանը, ուստի չենք կարող չհիշեցնել այս աղջնակին, որ նա Մշակույթի նախարան է, որ նիստերը կազմակերպվում են իր որոշմամբ, որ գոյություն ունեն արտահերթ, արագ կազմակերպվող նիստեր, ու կարող էր սկզբում կանխատեսել նման իրավիճակ և նախապես հրավիրել այդ նիստը, կամ գոնե՝ չսպասեր մինչև արտիստի՝ վշտից ու ցավից մոլորված հարազատները կգային ու կխնդրեին իրեն այդ մասին...
Շատերն իսկապես հնարավոր է՝ չեն ճանաչում երիտասարդին, ու նա չէր հասցրել վաստակավոր արտիստի կոչման արժանանալ, բայց դա ամենևին չի նշանակում, որ Վահագն Մարգարյանն արժանի չէր այդ կոչմանը:
Ու չես կարողանում պարզապես չմտածել՝ նոր կառավարության անդամները եկել են նախորդների սխալներն ուղղելո՞ւ, թե՞ նրանց սխալները կրկնելու: Սա այն դեպքն էր, երբ երիտասարդ արտիստի մարմինը ո՛չ միայն պետք է թույլատրեին տեղափոխել Օպերայի շենք, այլև նույնիսկ նրան վաստակավոր արտիստի կոչում տային հետմահու, քանի որ նա իսկապես արժանի էր դրան:
Չարվեց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը...
Չանդրադառնալով պատգամավորի թեկնածու-նախարարի մյուս սխալներին, որոնք նա արդեն հասցրել է անել՝ պարզապես նկատենք, որ ճիշտ մոտեցում չէր խնդրին: Այս անտարբերության համար դասականը կասեր՝ սիրուն չէ, Լիլիթ, ամոթ է: