Թաղապետ կարգող տղերքը՝ Փաշինյանի շվաքի տակ
Վարչական ռեսուրսի կիրառման դեմ եղունգներով պայքար մղելու անվան տակ վարչապետ կարգված օրվանից վարչական ռեսուրսն ամբողջ ուժով կիրառող Նիկոլ Փաշինյանը կամ տեղյակ չէ, թե իր ոչ բարով թիմակիցներն ինչ են անում, կամ նրանք դա անում են Փաշինյանի թողտվությամբ ու «դաբրոյով»:
Իսկ թե ինչ են անում ոմանք Փաշինյանի շվաքի տակ՝ ավելի վաղ մանրամասն գրել ենք, հիմա կարճ հիշեցնենք. պարզվում է՝ նորելուկ քաղաքապետ Հայկ Մարությանն ու այդպես էլ Կրթության նախարարությունից գլուխ չհանող Արայիկ Հարությունյանը փորձում են ամեն գնով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կարգել իրենց նման մի անփորձ ու անճարակ երիտասարդի, ով երազել անգամ չէր կարող այն ամենի մասին, ինչ առաջիկա երկու օրը օդից կընկնի իր գլխին:
Ինչու առաջիկա երկու օրը՝ որովհետև չնայած այս ջահելի նշանակմանը դեմ են շենգավիթցիների մեծ մասը, իսկ տեղի նայողներն ու լավ տղերքը, մասնավորապես, միևնույնն է՝ ըստ Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրների՝ Մարությանն Արայիկ Հարությունյանի հովանավորյալ Մկրտչյան Ռազմիկին կնշանակի թաղապետ՝ վտանգի տակ դնելով այդ վարչական շրջանի ապագան:
Ու դեռ որքա՞ն ենք ականատես լինելու նման բաների և Փաշինյանի շվաքի տակ իրենց պաշտոնյա երևակայողների կողմից հովանավորյալների նշանակումների: Ահա սա է հնի կրկնություն, բայց նորի անվան տակ սղղացվող իրականությունը ծանոթի և բարեկամի, վարչական ռեսուրսի կիրառման ու ժողովրդի տված իշխանությունն անխնա օգտագործելու ու էլի շատ արատավոր բարքերի. մարությանական և արայիկհարությունյանական տափուկ տեսակն արդեն իսկ վտանգի տակ են դրել հեղափոխական արժեքները, իսկ որ անենավատն է՝ այս տեսակը Փաշինյանի կառավարությունում վխտում է
NEWSPRESS.am-ի հիմնադիր՝
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան