Ողբերգական դեպք Մեքսիկայում. կեղծ ահազանգից հետո մարդիկ բենզինով այրել են 2 տղամարդու
Մեքսիկայի փոքրիկ քաղաքներից մեկում՝ Ակատլանում, WhatsApp ծրագրով կեղծ տեղեկատվություն էր տարածվել, որում ասվում էր, որ քաղաք են եկել երկու տղամարդ, ովքեր երեխաներ են առևանգում և վաճառում նրանց օրգանները:
Խոսքը 21-ամյա Ռիկարդո Ֆլորենսի և նրա 43-ամյա հորեղբայր Ալբերտո Ֆլորենսի մասին է, վերջիններս օրեր առաջ էին ժամանել փոքրիկ քաղաք և հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել ու պահվում էին տեղի ոստիկանությունում: Նշված քաղաքի հարակից տարածքներից դպրոցահասակ երեք աղջիկ էր անհետացել, իսկ Ֆլորենսներին տեսախցիկները ֆիքսել էին դպրոցի հարակից տարածքում, ինչն էլ հիմք էր դարձել կեղծ լուրերի, թե ոստիկանությունը նրանց ձերբակալել է աղջիկների առևանգման գործով:
Կեղծ լուրերին հավատալով՝ մեծ բազմություն է հավաքվել ոստիկանության շենքի մոտ, որից հետո մի խումբ մարդիկ, կոտրելով ոստիկանության մուտքի դուռը, դուրս են բերել երկու տղամարդկանց ու բենզինով այրել նրանց, մինչ այդ մարդկանց հոծ բազմությունը քարերով ու մահակներով ծեծել է երկու կասկածյալներին: Եվ միայն ավելի ուշ, երբ տղամարդիկ մահացած էին, պաշտոնական հայտարարություն է եղել, որ նրանք աղջիկների առևանգման հետ ոչ մի կապ չունեին: