Փաշինյանն անկեղծ չէ. ՔՊ-ն ՀՀԿ-ի կրկնօրինակն է
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Գեղարքունիքի մարզ այցելել է որպես վարչապետ: Ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց վարչապետի ժ/պ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ իր այցը Գեղաքունիք մեկնաբանվում է որպես վարչական ռեսուրսի չարաշահում, քանի որ ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավն արդեն ո՛չ պաշտոնապես սկսված է:
«Որևէ մեկը սահմանափակված չէ Գեղարքունիքի մարզ կամ մեկ այլ մարզ այցելելու: Կարծում եմ՝ մյուս քաղաքական ուժերն էլ են այցելում, ես որպես վարչապետ եմ այցելել ու քաղաքական ասելիքով եմ հանդես եկել... որևէ մեկը սահմանափակվա՞ծ է մարդկանց հետ հանդիպելու՝ չեմ կարծում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ինչ վերաբերում է մարզի ղեկավարների հետ հանդիպումներին, ապա դա նրա նման այցերի ընթացքում միշտ էլ եղել է:
Իհարկե, Փաշինյանը չանդրադարձավ այդ նույն հանդիպումների ընթացքում իր այն կոչերին ու հայտարարություններին, թե ինքը և իր թիմը խնդրում են ժողովրդի քվեն՝ ԱԺ ընտրություններում, չխոսեց նաև այն մասին, թե ինչ խոստումներ տվեց հավաքված մարտունեցիներին՝ քվեն իրենց տալու դեպքում: Մինչդեռ, իրականում ակնհայտ էր, որ Գեղարքունիքի մարզ կատարած այցելությունն ինքնանպատակ չէր, ու Նիկոլ Փաշինյանն էլ զուտ ի պաշտոնե չէր գտնվում մարզում: Ակնհայտ էր դա թեկուզ և հենց այն պատճառով, որ բոլոր մարտունեցիներին, ովքեր խոսափողը վերցրին՝ Փաշինյանին իրենց խնդիրները ներկայացնելու համար, վերջինս մոտավորապես պատասխանեց, որ խնդրին տեղյակ չէ, բայց երբ նորից իրենց վստահեն և ձայն տան՝ ամեն ինչ իր տեղը կընկնի, և ամեն հարց կլուծվի:
«Ընտրությունների նույնիսկ մի ձայնով, ձեր երեխեքի ճակատագիրն եք որոշում, և դուք՝ ժողովուրդ, որպես իշխանություն, պատվիրակում եք քաղաքական ուժին, որ երկիրը կառավարի. պատկերացրի՞ք... և մենք երաշխավորում ենք, ժողովուրդ ջան, որ ձեր ձայնը չի կորչի, բայց ընտրության պահին պետք է հասկանաք, որ երկրի ճակատագիրն եք որոշում... մենք ուզում ենք ձեզանից յուրաքանչյուրդ աշխատելու և հարստանալու հնարավորություն ունենաք»...
Սա Նիկոլ Փաշինյանի ելույթից շատ փոքր հատված է, մինչդեռ նրա այն նույն ոգով տևել է մեկ ժամ: Իսկ այսօր արդեն Փաշինյանը հայտարարում է, թե պարզապես ցանկացել և հանդիպել է գեղաքունիքցիներին՝ որպես վարչապետ, ու ընտրության մասին էլ խոսք չի եղել: Սա, իհարկե, անկեղծության ու ազնվության հետ արդեն ոչ մի կապ չունի և, ի դեպ, ծանոթ ձեռագիր է. ինչպես Հանրապետական կուսակցությունը, փաստորեն, այսօր «Քաղպայմանագիրը» ևս փորձում է օգտագործել իր վարչական ռեսուրսները: Այլ կերպ ասած՝ այս հարցում էլ ՔՊ-ն ՀՀԿ-ի կրկնօրինակն է: