Փաշինյանը կշարունակի պարզաբանում պահանջել Բելառուսից
Եթե դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու համար, որովեհտև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Այդ մասին, այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կանի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ում դեկտեմբերի 6-ին ՀՀ-ի ներկայացուցիը չընտրվի ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի պաշտոնում:
Անդրադառնալով հաջորդ հարցին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է պատասխանել Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե «Նիկոլ Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել և չի հասկանում, որ «փողոցային ժողովրդավարության օրենքները» կիրառելի չեն մեծ քաղաքականության մեջ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է: Ես ինքս անձամբ, ինչ ունեմ ասելու՝ բարձրաձայնել եմ: Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ ես ոչ մի արձագանք չեմ ստացել: Ես, ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ, և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա: Այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ: Դա նորություն չէ՝ նախկինում էլ դա տեղի ունեցել է և այս գործելակերպը կշարունակվի: Համենայնդեպս, մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց, և պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն, նաև գործընկերության միջավայրում, պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա չի կարծում, թե վերջերս Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական հուշագիրը Բելառուսի պատասխանն էր Հայաստանին, քանի որ մինչ այդ ևս պայմանագիր ստորագրվել է, և այն էլ այն դեպքում, երբ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում:
«Իհարկե ,մենք դատապարտում ենք այդ գործարքները, համարում ենք դրան ուղղված են ՀՀ շահերի դեմ, դրանք խաթարում են ՀԱՊԿ գործընկերության բովանդակությունը: Մենք մեր պարտավորությունները դաշնակցային կատարում ենք, ինչը, ցավոք, չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների պայմաններում»,-ասաց Փաշինյանը: