Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջատար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ.
«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում:
Համոզված եմ, որ մեր մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական և աշխարհագրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ` պետք է դառնանք իրական Ազգ-բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում և ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ:
Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը: Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները և հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը:
ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՆՔ «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Զինվորից` սպա», «Մոնթե Մելքոնյան վարժարան», «1000plus.am», «Հայրենիքի պաշտպանի տուն», «Մատչելի բնակարան սպաներին», «Թեժ գիծ» և բազմաթիվ այլ ծրագրեր շարունակականություն և արդյունավետ կառավարում»: