«Ես և իմ թիմը ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները լիարժեք կատարել ենք». Փաշինյանն այժմ մանդատ է խնդրում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը, ասել է թե՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները:
«Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդը խաղաղ, ուղղակի հրապարակներում և փողոցներում արտահայտի իր կամքը, որ ուզում է իշխանության փոփոխություն, մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Ընդ որում, մենք ասում էինք՝ առանց բռնության: Այն ժամանակ ասում էին՝ ո՞նց, առանց բռնության, հնարավոր չէ: Մենք ասում էինք՝ ոչ, մենք անելու ենք առանց բռնության, որովհետև մենք ձեզանից չենք ուզում որևէ զոհաբերություն: Մենք ընդամենն ասում էինք՝ ձեր կամքը ցույց տվեք փողոցներում և հրապարակներում, իսկ մենք երաշխավորում ենք, որ այդ կամքը կդարձնենք իրականություն, և մենք այդ կամքը դարձրինք իրականություն»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նրա դիտարկմամբ՝ խոստումներից հաջորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարը ևս իրականություն է: Համենայդեպս, Փաշինյանը նշում է, որ սկսել և շարունակում է կոռուպցիայի դեմ «անզիջում պայքար մղել ամենամեծ ծավալով ու թափով»...
Փաշինյանի թիմի հաջորդ խոստումը կապված էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, որը ևս իրականություն է: Այս կերպ վարչապետի ժ/պ-ն ավարտված է համարում իր խոստումների ու հեղափոխության առաջին փուլը:
«Այն բոլոր խոստումները, որ մենք տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»,- ասաց Փաշինյանը:
Բայց որ, ըստ Փաշինյանի, ամենակարևորն է՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խոստումն է: Նա նկատեց, որ իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին:
«Այս պահին բոլորի ճակատագիրը հենց ժողովրդի ձեռքերում է, քանի որ խորհրդարանը լուծարված է, իսկ ես և նախարարները՝ պաշտոնակատար: Ձեր բոլորի ձեռքում է մեր ճակատագիրը... Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք, և հիմա ձեզանից խնդրելու ենք մանդատ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար»,- ասաց Փաշինյանը՝ դարձյալ հիշեցնելով, որ ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները լիարժեք կատարել են:
Փաշինյանը խոստացավ նաև, որ ընտրությունները կլինեն արդար, թափանցիկ և առանց ճնշումների: