Սխալ է չեղած տեղից ստեղծող ժողովրդին խայտառակել՝ երևույթը բնութագրելու համար. Ալավերդյանը՝ Փաշինյանի մասին
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը բացասական է գնահատում ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանում արված հայտարարությունը՝ կապված «ճռռացող» 350 հազար աշխատողի և 800 հազար հոգու գործազուրկների հետ:
Այդ մասին առաջին օմբուդսմենն ասաց լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ բացի այն, որ բոլոր թվերը սխալ էին ներկայացվում, նաև հայերի մասին սխալ տպավորություն է ստեղծվել այդ հայտարարությամբ:
«Հայերը դրսում գնահատվում են որպես աշխատող, չեղած տեղից ստեղծող, արարող, ու երբ դու գնում ես Ղազախստան և ասում, որ քո 800 հազար մարդկանց մեջ չգիտեմ քանիսը, մորթում է իր կովը, չի առնում հեռուստացույց, կներեք, բայց այդպիսի երևույթներ երևի մի քանի մատի վրա հաշվես, որը շատ տարօրինակ և սխալ երևույթ է, բայց դա օրինակ բերել և խայտառակել՝ երևույթը բնութագրելու համար, կներեք ես շատ սխալ եմ համարում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: