ՀՀԿ-ն պահեստային չի դառնա՝ անկախ քվեարկության արդյունքներից․ Շարմազանով
«Դարպասին հարվածներ կստանա ոչ թե Հանրապետական կուսակցությունը, այլ գործող իշխանությունը, քանի որ 6 ամսվա ընթացքում բավականին բացթողումներ է ունեցել»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ցուցակում ընդգրկված Մենուա Հարությունյանը հայտարարել է, որ ինքը ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողն է, իսկ ո՞վ է ՀՀԿ դարպասապահը։
«Չգիտեմ՝ ՀՀԿ-ն հարձակվող է, կիսապաշտպան, թե դարպասապահ, բայց պատրաստվում ենք պաշտպանել ազգային արժեհամակարգը և վեր հանել այն ստերի շարանը, որն արել են մինչ այսօր իշխանության եկածները՝ մինչև իշխանության գալու և այս 6 ամիսների ընթացքում»,- ասաց Շարմազանովը։
Հարցին, թե իսկ հնարավոր չե՞ն համարում, որ ՀՀԿ-ն կարող է պահեստային դառնալ, Շարմազանովը պատասխանեց․ «Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ ընտրության արդյունքներից»։