«Ծառայում ենք Աստծո՞ւն, թե՞ սատանային, աղանդավո՞ր ենք, թե՞ քրիստոնյա». Շարմազանով
Սա ամենախայտառակ քվեարկությունն էր: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այն բանից հետո, երբ պատգամավորների մեծ մասը՝ «Ելք» դաշինքի գլխավորությամբ, դեմ քվեարկեցին «Հատուկ պաշտպանության ենթակա անձանց ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին:
Վերջինս կանոնակարգում է նաև եկեղեցու և հոգևոր առաջնորդի անվտանգության հարցը: Պատգամավորները նկատեցին, որ այս նախագիծը կանոնակարգում է ո՛չ թե անձերի, այլ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատեց, որ եթե Կաթողիկոսը ժողովրդից պաշտպանվելու կարիք ունի, ապա դա իր պրոբլեմն է:
Պատգամավորներից մի քանիսը, ովքեր դեմ էին քվեարկել նախագծին, խնդրեցին վերաքվեարկել այն, քանի որ սխալ էի ընկալել: Միայն «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իրենք չեն քվեարկելու նախագծին, քանի որ ժողովրդից ոչինչ պետք չէ պաշտպանել:
Արձագանքելով նրան՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա ո՛չ թե ժողովրդից պաշտպանելուն է վերաբերվում, այլ եկեղեցին՝ աղանդավորական շարժումներից:
«Սա ավելի քան պատմական պահ է, այս քվեարկությամբ որոշելու ենք՝ ծառայում ենք Աստծուն, թե՞ սատանային, աղանդավո՞ր ենք, թե՞ քրիստոնյա»,-ասաց Շարմազանովը՝ նկատելով, որ այստեղ կուսակցական թեմա չկա և սա վերկուսակցական խնդիր է:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ արեց սթափ լինել և հասկանալ, թե ինչի համար են քվեարկում:
Նույն խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ նկատեց, որ Վեհափառի խնդիր չէ դրված. «Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ մենք Վեհափառին ժողովրդից չենք պաշտպանում, մենք նրան պաշտպանում ենք սեռական և կրոնական փոքրամասնություններց, որոնք ֆինանսավորվում են դրսից և պայքարում են հայ պետականության ու հայ կրոնի դեմ»:
Սամվել Նիկոյանն էլ, ամփոփելով ելույթները, կրկնեց, որ հայ ժողովրդից եկեղեցին պաշտպանելու խնդիր չի եղել երբեք, չկա և չի լինի, բայց անհրաժեշտություն կա սատանաներից ու սատանայապաշտներից պաշտպանել այն:
«Պաշտպանում ենք նրանցից, ովքեր սնվում են դրսից ու վտանգ են ներկայացնում մեր արժեհամակարգի վրա ու այսօր պարզ կդառնա քվեարկությամբ, թե որ քաղաքական ուժն ում վրա է հիմնված՝ ժողովրդի՞, թե՞ կրոնական ու սեռական փոքրամասնության»,-ասաց Նիկոյանը:
Ի վերջո, օրինագիծը դրվեց քվեարկության. որոշումը չընդունվեց, քանի որ քվորում չապահովվեց: