Հայկ Մարությանը 14 հոգով կապրի՞ 34.6քմ հանրակացարանում. բարեգործության իրական պատկերը
Նոյեմբերի 13-ին գումարված նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Շաբոյանների՝ 14 հոգուց բաղկացած ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան տրամադրելու հարցին:
Արցախցի Վիրաբ Շաբոյանի ընտանիքը սոցիալական ծանր վիճակի պատճառով թողել է Արցախն ու տանիքը, աշխատանք է խնդրում Հայաստանի կառավարությունից։ Ընտանիքը 14 հոգուց է բաղկացած, ապրել են Քաշաթաղի շրջանի Նորաշեն գյուղում, նպաստները չեն բավականացրել ապրելուն:
Օրերս Երևանի ավագանին համայնքի սեփականություն համարվող Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.18՝ 34.6քմ մակերեսով բնակարանը 10 տարի ժամկետով տրամադրեց Վիրաբ Շաբոյանին և նրա ընտանիքին: Մինչ այս Շաբոյաններն ապրում էին Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող, բնակության համար չնախատեսված նկուղային տարածքում:
Առաջին հայացքից տպավորություն է, թե Հայկ Մարությանը եկած-չեկած հայրենանվեր գործունեությամբ է զբաղվում, մտածում է անօթևանների մասին, փորձում բարելավել նրանց կյանքը, իսկ երբ մտածում ես՝ արդյոք հնարավո՞ր է 14 հոգով ապրել 34.6քմ բնակարանում, հասկանում ես, որ լուծումը կարճատև է և ամենևին էլ հումանիստական վերաբերմունք չկա:
Հետաքրքիր է՝ Հայկ Մարությանը, ով Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն և 2 հողամաս, Հյուսիսային պողոտայում 170 քմ մակերեսով բնակարան ունի և 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում, քանի՞ րոպե կարող էր այդ փոքրիկ հանրակացարանում ապրել:
Երբ պետական չինովնիկները նման որոշումներ են կայացնում, ամենաճիշտը նրանց ստիպելն է սեփական կաշվի վրա նեղությունը զգալը, փափուկ աթոռից իջնեցնելը և այցելության գնալ տալը Շաբոյանների ընտանիքին, գուցե իր աչքով տեսնելուց հասկանար, որ բնակարանի հատկացումը միայն մամուլի հաղորդագրություն տարածելու համար չէ, այն պետք է նաև մարդու ունեցած խնդրին ռեալ լուծում տա:
Այսօր, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հեռահար պլաններում խոսում է 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու մասին, ա՞յս ճանապարհով է այդ 5 միլիոնին հասնելու, այսպե՞ս է խթանելու ծնելիության աճին, և վերջապես՝ հենց Շաբոյանների ընտանիքի զավակներն են սահման պահելու, թե չէ՝ դժվար է պատկերացնել չինովնիկների տղաներին սահմանին: