«Մի խաբեք մեզ»․ աջ ղեկով մեքենաների վարորդները դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել (լուսանկարներ)
Էջմիածին քաղաքի բնակիչ Հրանտ Միրզախանյանը ոգևորությամբ է նշում` իշխանափոխության օրերին փողոց է փակել, լսել է Նիկոլ Փաշինյանի բոլոր հորդորները, ու հիմա իր պահանջով եկել է կառավարություն: Նա ցանկանում է, որ փոփոխվի աջ ղեկ ունեցող մեքենաների մասին օրենքը:
Հրանտի հետ կառավարության դիմաց մի խումբ մարդիկ էին, ովքեր եկել են «աջ ղեկի լեգենդար հարցով»։
Ակցիա իրականացնողներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված է․ «Մի խաբեք մեզ», «Դեմ ենք ղեկը փոխելուն» և այլն գրություններ։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Հրանտ Միրզախանյանը հույս հայտնեց, որ կառավարությունն այս հարցում կօգնի իրենց:
«Մենք ուզում ենք, որ ներմուծենք մեքենաները Հայաստան։ Էստեղ հարցն էնքան էլ ղեկը փոխելու մեջ չի, այլ Վրաստանի համապատասխան օրենքի, քանի որ, ըստ իրենց, օրենքի մեքենան 60 օրից ավելի չի կարող մնալ Վրաստանի տարածքում, իսկ ղեկը փոխելու գործընթացը ձգձգվում է ու արդյունքում վճարում ենք տուգանքներ։ Տուգանքը կազմում է 1500 լարի, իսկ տուգանքի օրվանից հետո ամեն օր ավելանում է տուգանքի չափը»,-ասաց Հրանտ Միրզախանյանը:
Մեզ հետ զրույցում էջմիածնեցի վարորդը նշեց, որ ցանկանում են մեքենան մտնի Հայաստան, քանի որ բոլորն էլ նոր, անսարքություն չունեցող ու լավ մեքենաներ են։
«Նախկին կառավարության անդամները քշում էին ջիպեր ու թանկարժեք մեքենաներ։ Իսկ հիմա մեր կառավարության տղերքը նույնպես վարում են աջ ղեկով մեքենաներ ու նրանք մեզ հասկանում են։ Էս խնդիրը համեմատում են Ռուսաստանի հետ, սակայն մենք մեր ստացած աշխատավարձով չենք կարող համեմատվել ռուսների հետ, քանի որ մենք ստանում ենք շատ քիչ գումար։ Մենք բոլորս փողոց ենք փակել, լսել ենք մեր վարչապետին ու հիմա եկել ենք, որ նա մեզ ընդառաջի ու խնդիրը լուծվի։ Ներկայիս կառավարության անդամները մեզ նման բանվորի որդիներ են, ովքեր կհասկանան մեզ ու խնդիրը կլուծվի»,- ասաց նա:
Թեև կառավարության նկատմամբ դրական վերաբերմունքին տղաները նշեցին, որ գալու են այնքան, մինչև իրենց հարցը չլուծվի։ Ընդգծենք, որ այս պահի դրությամբ կառավարությունից դեռ ոչ ոք չի հանդիպել վարորդներին: