Խելքին աշեցեք...
Իրավունքի ուժով լուծարված Ազգային ժողովն այսօր հրավիրել է հերթական քառօրյան՝ քննարկելու այնպիսի կարևորագույն նախագիծ, ինչպիսին 2019 թվականի պետական բյուջեի նախագիծն է։
Որևէ մեկս էլ չենք կասկածում, որ այս նախագիծն ափալ-թափալ կընդունվի այնպես, ինչպես ընդունվում են Փաշինյանի կառավարությանը ձեռնտու բոլոր օրենքները։
Նկատենք, որ այս բյուջեն շատ քիչ բանով է տարբերվում նախորդ տարվա բյուջեից և ինչպես ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է ասում՝ իներցիոն բյուջե է ընդամենը։
Ինչևէ, մի կողմ թողնելով բյուջեն՝ անդրադառնանք Ազգային ժողովի ելքական պատգամավորներից մեկի ցցուն մտքին։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց՝ հնարավոր չէ՞ արդյոք մեր պարտապաններին խնդրենք՝ մեր արտաքին պարտքի մի մասը մեզ ներեն։
Պատգամավորի ոչ ադեկվատ հարցին անմիջապես հաջորդեց Ջանջուղազյանի ադեկվատ պատասխանը․ նման մտադրություն անգամ պետք չէ ունենալ։
Հետաքրքիր է՝ ինչ է մտածել Հովիկ Աղազարյանը՝ Հայաստանին պարտք տվող պարտապանները Հովիկ Աղազարյանի սիրուն աչքերի՞, թե՞ թավշյա հեղափոխության՝ էյֆորիկ տրամադրության հաշվին պետք է մեզ ներեն մեր արտաքին պարտքի մի մասը։
Արդյոք արդարացված չէ՞ր լինի, որ Հովիկ Աղազարյանն իր քաղաքական թիմով մի լավ աշխատեր այս 6-7 ամսվա ընթացքում և աշխատեր այնպես, որ օտարերկրյա ներդրումները ոչ թե նվազեն, այլ կրկնապատկվեն՝ նվազագույնը։
Ճիշտ չէ՞ր լինի, որ Աղազարյանն ու իր քաղաքական թիմը յոթ ամսվա ընթաքում սեղանին դնեին Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգ և ոչ թե խոստումների մի փաթեթ, որոնք այդպես էլ խոստումից իրականության չվերածվեցին։
Եվ ինչո՞ւ պետք է Հայաստանը որևէ պարտապանի որևէ բան խնդրի․ այդ Փաշինյանը չէ՞, որ դեմ է վիզը ծուռ ապրելուն, մի՞թե Հովիկ Աղազարյանին Փաշինյանի այս թեզը հասու չի եղել։
Այո՛, պարոն Աղազարյան, պարտապաններին պարտքերը «ջրելու» խնդրանքը մեզ վայել չէ, այն խփում է ձեր թիմի՝ աննախադեպ բարձր վարկանիշին, ուստի պետք է սկսեք լավ աշխատել և ամենակարևորը՝ ոչ թե ֆեյսբուքներում, այլ իրական կյանքում։
Շուտով կգրոհեք և կվերցնեք Ազգային ժողովի 2/3-ը, որը նույնն է՝ ողջ իշխանությունը կկենտրոնանա մեկ թիմի, իսկ Ձեր պարագայում՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ուստի օդի պես է անհրաժեշտ տնտեսություննն առաջ գցելը, իսկ իշխանության այս կադրային քաղաքականության պարագայում դժվար թե որևէ բան այդպես էլ առաջ գնա, հավանաբար, փառք պետք է տանք Աստծուն՝ հետ չգնալու համար։